2 ապրիլի 2013 - 15:55 AMT
17/05 տեղամասում Ր.Հովհաննիսյանի ձայները պակասեցին 11-ով, դրանցից 5-ը Ս.Սարգսյանինն էին

Այսօր Հատուկ քննչական ծառայությունում բացվեցին փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրությունների 17/05 ընտրական տեղամասի քվեաթերթիկների պարկերը: Վերահաշվարկի արդյունքում Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների պարկում գրանցվել է 828 քվեաթերթիկ:

Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների քանակը պարկում կազմել է 432, որից 421-ն է միայն «Ժառանգության» առաջնորդի օգտին քվեարկած եղել: Պարզվել է, որ թեկնածուի քվեաթերթիկներով պարկում եղել են նաև Սերժ Սարգսյանի օգտին քվեարկված քվեաթերթիկներից 5-ը, Անդրիաս Ղուկասյանի օգտին քվեարկած 1 քվեաթերթիկ, իսկ 5 քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր: Այսպիսով այս ընտրատեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները պակասել են 11-ով:

Անվավեր քվեաթերթիկների ծրարի վրա նշված է եղել, որ դրա մեջ կա 35 քվեաթերթիկ, սակայն բացելուց հետո պարզվել է, որ այնտեղ կա 34 անվավեր քվեաթերթիկ:

Հիշեցնենք, որ Արտարատի 17/05 ընտրական տեղամասի արդյունքներն անվավեր էին համարվել Սահմանադրական դատարանի որոշմամբ և նյութերն ուղարկվել էին Հատուկ քննչական ծառայություն: