3 ապրիլի 2013 - 13:18 AMT
Թուրքերն ահուսարսափով սպասում են, թե ինչ են ներկայացնելու հայերը 2015-ին. մենք առայժմ ոչինչ չենք անում

Թուրքագետ Արտակ Շաքարյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրները Թուրքիայի համար առաջնահերթ չեն: Միևնույն ժամանակ նա նկատում է, որ Թուրքիան ակտիվորեն պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ թուրքերը ամեն ինչ անում են ցույց տալու համար, որ 1915-ին ոչ միայն հայեր են կոտորվել, այլև թուրքեր: Թուրքիայում կառուցվելու են, այսպես կոչված, հայերի կողմից իրականացված թուրքերի ցեղասպանության հուշահամալիր, ինչպես նաև ԱՍԱԼԱ-ի գործողություններից տուժած թուրքերի հիշատակին նվիրված հուշակոթող:

«Թուրքերն ահուսարսափով սպասում են. թե ինչ են ներկայացնելու հայերը 2015-ին: Ցավոք սրտի, առայժմ ոչինչ չի արվում մեր կողմից, մենք ավելի շատ պատասխանում ենք թուրքական սցենարներին, քան նախաձեռնողի դիրքում ենք հանդես գալիս»,- ասաց Արտակ Շաքարյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, Արտակ Շաքարյանը նկատեց, որ դրանց սառեցված վիճակը ձեռնտու է Թուրքիային: