3 ապրիլի 2013 - 13:57 AMT
Թուրքագետ. Էրդողանը քրդերի հետ խաղաղության է ձգտում, քանի որ նրանց աջակցության կարիքն ունի

Թուրքիայի համար ծանրաբեռնված 2013-2014թթ.-ն են սպասվում, քանի որ քուրդ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումներ են սպասվում, հաշվի առնելով Աբդուլահ Օջալանի հայտնի հայտարարությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսում արեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նա նկատեց, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է նախագահ դառնալ, և նրան անհրաժեշտ է ստանալ քրդերի աջակցությունը, դա է պատճառը, որ նա ցանկանում է քրդերի հետ խաղաղության հասնել: Օջալանն իր հերթին հասկացել է, որ այսօր Թուրքիայի դեմ զենքով պայքարելը այնքան էլ արդյունավետ չէ և նա ցանկանում է քրդաբնակ շրջանների համար հասնել ինքնավարության ու բարելավել քրդերի դրությունը Թուրքիայի քրդաբնակ նահանգներում:

Ըստ Արտակ Շաքարյանի, Թուրքիայի ներսում տեղի ունեցող զարգացումների վրա անդրադառնում են նաև տարածաշրջանային զարգացումները: «Թուրքիան և Իսրայելը այժմ եկել են համաձայնության ու սկսել բարելավել խաթարված հարաբերությունները, իսկ Բարաք Օբաման ցանկանում է հասնել թուրք-իսրայելական ալյանսի ձևավորման՝ Իրանի դեմ»,- ասաց թուրքագետը: Նա նաև նշեց, որ Անկարայի ու Թել-Ավիվի շահերը համընկնում են նաև այն առումով, որ երկու երկրներն էլ զգուշանում են Սիրիայի կողմից քիմիական զենքի օգտագործումից: