3 ապրիլի 2013 - 14:29 AMT
Հարցում. Ավագանու ընտրություններին մասնակցող ուժերն ավելի ճանաչված են, քան ցուցակը գլխավորողները

Երևանի ավագանու ընտրություններին ներկայացված ցուցակների առաջին հորիզոնականում գտնվող անձինք ճանաչված լինելու առումով զիջում են իրենց կուսակցություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Նա տեղեկացրեց, որ կենտրոնը մարտի 29-30-ին 1290 ընտրողների շրջանում՝ համաչափ ըստ համայնքների, կատարել է սոցհարցում՝ պարզելու երևանցիների հասարակական-քաղաքական ակտիվության մակարդակն ու հետաքրքրությունը Երևանի ավագանու ընտրությունների նկատմամբ:

Ընտրություններին մասնակից քաղաքական ուժի և դրա ցուցակի առաջին համարի մասին հարցվածների իրազեկությունն այսպիսին է՝

ՀՀԿ-ի մասին իրազեկ է 82 տոկոսը, Տարոն Մարգարյանի մասին՝ 73 տոկոսը,

ԲՀԿ-ի մասին՝ 58 տոկոսը, Վարդան Օսկանյանի մասին՝ 30 տոկոսը,

«Բարև, Երևանի» մասին՝ 41 տոկոսը, Արմեն Մարտիրոսյանի մասին՝ 13 տոկոսը,

ՕԵԿ-ի մասին՝ 20.7 տոկոսը, Արմեն Երիցյանի մասին՝ 7.5 տոկոսը,

ՀՅԴ-ի մասին՝ 19.3 տոկոսը, Արմեն Ռուստամյանի մասին՝ 7.4 տոկոսը,

ՀԱԿ-ի մասին՝ 12.1 տոկոսը, Վահագն Խաչատրյանի մասին՝ 4.7 տոկոսը,

«Առաքելություն»՝7 տոկոս,Մեսրոպ Առաքելյան՝ 0,1 տոկոս:

Ահարոն Ադիբեկյանն ավելացրեց, որ Երևանի ավագանու ընտրությունները հետաքրքրում են հարցվածների 67 տոկոսին:

Ըստ սոցիոլոգի` երևանցին գիտի, թե իրեն ով է պետք, և այդ առումով Երևանի ավագանու ընտրությունները շրջանցում են քաղաքական գործընթացները: Ահարոն Ադիբեկայնը կարծում է, որ դա շատ լավ է:

Ահարոն Ադիբեկյանը խոստովանեց, որ հարցման պատվիրատուները չորսն են, որոնցից մեկը ՀՀԿ-ն է:

Ավելացնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են մայիսի 5-ին, քարոզարշավը մեկնարկում է ապրիլի 7-ից: