Ստոքհոլմում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային կոնֆերանս

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Ստոքհոլմում հրավիրվելու է միջազգային կոնֆերանս` նվիրված Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին: Այն նախաձեռնել են շվեդական «Կենդանի պատմություն» պետական հաստատությունը, Ստոքհոլմի Սոդերնթյորն համալսարանը, Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնը եւ Ասորա-սիրիական կենտրոնական կազմակերպությունները: Կոնֆերանսի նպատակն է շվեդ քաղաքական, հասարակական, գիտական եւ մտավորական շրջանակներում արծարծել եւ լուսաբանել 1915 թ. Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների` հատկապես հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունը: «Նկատի ունենալով, որ այսօր էլ դեռ Թուրքիայում քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքները ոտնահարվում են եւ մտավորականները ենթարկվում են հալածանքների, իսկ Թուրքիան արդեն Եվրամիության անդամակցության համար բանակցությունների իրավունք է ստացել, ոչ միայն շվեդական քաղաքական, հասարակական շրջանակները եւ մտավորականությունը, այլ նաեւ հասարակության լայն խավերը խիստ հետաքրքրված են այս հարցով, ուստի հարկ է տարածել ու լուսաբանել ճշմարտությունը», -ասել է կոնֆերանսի կազմակերպչական հանձնախմբի անդամ, Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի նախագահ Կարո Հակոբյանը: Թուրքական տեսակետը ներկայացնելու է թուրք պատմաբան Քեմալ Չիչեքը: Հրավիրված են նաեւ Շվեդիայի Ռիկսդագի անդամները, կուսակցությունները, ինչպես նաեւ քաղաքական հասարակական գործիչներ եւ նախարարներ:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---