5 ապրիլի 2013 - 14:45 AMT
Ժ.Սեֆիլյան. Սարգսյանը քաղաքական ուժերին հորդորել է մասնակցել ավագանու ընտրությանը, որ խլեն Րաֆֆու ձայները

Մեր պետությունը ճահճի մեջ է, որից հնարավոր է դուրս գալ համայն հայության ուժերի մեկտեղմամբ, կարծում է «Սարդարապատ» շարժման անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: «Պետք է արհամարհել գործող իշխանության խաղի կանոնները: Մի նայեք` Ազատության հրապարակում քանի հոգի է հավաքված: Ապրիլի 9-ից սկսած պետք է գործող իշխանություններին զուգահեռ այլ իշխանություն ձևավորել` վավերացնելու Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայները»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Ժիրայր Սեֆիլյանն անդրադարձավ նաև Երևանի ավագանու ընտրություններին և ասաց, որ դրանց մասնակցելն անիմաստ է: «Մենք հորդորել ենք Րաֆֆի Հովհաննիսյանին և իր թիմին չմասնակցել այդ ընտրություններին, քանի որ հերթական անգամ իշխանությունները ջախջախիչ պարտություն են վերագրելու Րաֆֆի Հովհաննիսյանին: Սերժ Սարգսյանն ամեն կերպ ցանկանում է համոզել ժողովրդին, որ Րաֆֆու ստացած կես միլիոնից ավելի ձայները Րաֆֆունը չեն»,- ասաց նա: Ըստ Ժիրայր Սեֆիլյանի` դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը հորդորել է նախագահի ընտրություններին չմասնակցած քաղաքական ուժերին մասնակցել ավագանու ընտրություններին, «որպեսզի խլեն Րաֆֆու ձայները»: