7 նոյեմբերի 2005 - 14:43 AMT
Ս.Կինիկլիօղլու. Հայաստան-Թուրքիա եկխոսությունը չպետք է սկսվի 1915 թվականի քննարկումից
«Ես կողմնակից եմ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ակտիվության բարձրացմանը»,- հայտարարել է ԱՄՆ Մարշալի հիմնադրամի Անկարայի գրասենյակի տնօրեն Սուաթ Կինիկլիօղլուն օրերս Երեւանում հրավիրված միջազգային կոնֆերանսում: Ս.Կինիկլիօղլուն նշեց, որ ինքը Երեւանից կմեկնի մի փոքր լավատեսությամբ, մի փոքր հոռետեսությամբ: Լավատեսությունը պայմանավորված է նրանով, որ Երեւանում ինքը տեսնում է իսկապես հիանալի, խելացի, հետաքրքիր, անկեղծ մարդկանց` «շատ նման իր ժողովրդին», եւ որ նրանց հետ հնարավոր է երկխոսություն սկսել: «Հոռետես եմ, որովհետեւ գիտեմ, թե ինչքան կարեւոր է ձեզ համար 1915 թվականը, բայց կարծում եմ, որ մեր քաղաքական երկխոսությունը, եթե եւ երբ էլ սկսվի, պետք է սկսվի ոչ թե 1915 թվականի, այլ ավելի պրակտիկ հարցերից»,- հայտարարեց նա:

Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի առնչությամբ նա ափսոսանք հայտնեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման այդ համագործակցությունը շատ դժվար կլինի: Նրա խոսքերով, ոչ պաշտոնական մակարդակով ներկայումս երկու երկրների միջեւ առեւտուրն իրականացվում է, ինչը բավարար չէ. անհրաժեշտ է պաշտոնական առեւտուր` առանց երրորդ կողմին տարանցիկ փոխադրման համար ավելորդ գումարներ վճարելու: «Ես հուսով եմ, որ մենք կկարողանանք սահմանները բացելու ինչ-որ ձեւ գտնել` նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ոչ լիարժեք լուծման պարագայում, եթե Հայաստանը 7 շրջաններից 2-ից կամ 3-ից դուրս բերի զորքը»,- նշեց թուրք բանախոսը: Ըստ նրա, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման կարեւորագույն ծրագիրը արդեն իսկ շրջանցել է Հայաստանը: Գյումրի-Կարս երկաթգծին որպես այլընտրանք նախատեսվող եւ Հայաստանն այս անգամ տրանսպորտային ուղիներով շրջանցող նախագծին անձամբ ինքը դեմ է` հանուն տարածաշրջանի ապագայի եւ եվրոինտեգրման հեռանկարների, այլ ոչ որպես թուրք: Ս. Կինիկլիօղլուն հայտարարեց, որ թուրքերի կարծիքով, իրենք երկար են սպասել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը եւ այլեւս չեն ուզում սպասել: Դրանում շահագրգռված է նաեւ Ադրբեջանը: