5 ապրիլի 2013 - 15:57 AMT
Իրանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ քաղաքաշինության ոլորտում

Քաղաքաշինության բնագավառում հայ-իրանական համագործակցության հարցերը քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը ապրիլի 5-ին ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանարապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրին՝ նախարար Թադևոսյանը բարձր գնահատեց Հայաստանի և Իրանի միջև հաստատված բարիդրացիական հարաբերությունները և նշեց, որ նմանատիպ հանդիպումները նպաստում են փոխշահավետ համագործակցության զարգացմանը։

Հիշեցնենք, որ Հայ-իրանական միջկառավարական համատեղ համաժողովի 11-րդ նիստի արդյունքում ստորագրված Փոխըմբռման հուշագրի համաձայն` առաջարկվել է քննարկել հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի շրջանակներում մշակված և փոխհամաձայնեցված «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարության միջև համագործակցության ծրագրի» ստորագրման հնարավորությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Ռեյիսիին փոխանցեց ԻԻՀ ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարի ողջույները, շեշտելով քաղաքաշինության ոլորտում համագործակցության ծրագրի վերաբերյալ իրանական կողմի պատրաստակամության մասին:

Հանդիպմանը կարևորվեցին սեյսմակայուն շինարարության նախագծմանը, շենքերի վերականգնմանն ու սեյսմազինվածության բարձրացման նորագույն եղանակներին, ուսուցողական դասընթացների և գիտական սեմինարների կազմակերպմանը, ինչպես նաև երկու երկրների պատասխանատուների և մասնագետների փոխայցելությունների շրջանակներում համատեղ նախագծերին վերաբերող հարցերը: