5 ապրիլի 2013 - 19:01 AMT
Նոր սահմանափակումներ լրատվամիջոցների համար` ընտրություններին ընդառաջ սոցհարցումների մասով

Այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում քննարկել և դրական եզրակացություն է տվել մի շարք օրինագծերի, որոնք կընդգրկվեն ԱԺ գարնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Առաջին ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է Դավիթ Հարությունյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով հեղինակն առաջարկում է համապատասխանեցնել օրենքներում առկա հակասական դրույթները: Բացի այդ՝ ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվում է ավելացնել նոր դրույթ, ըստ որի՝ «Արգելվում է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերություններին կամ հեռուստաընկերություններին քվեարկության օրվան նախորդող 6 օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև ժամը 20.00-ն հրապարակել թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների վարկանիշերի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ»:

Օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության դրական տեսակետը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է նաև պատագամավորներ Էլինար Վարդանյանի և Վահան Բաբայանի ներկայացրած «Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակներն առաջարկում են օրենքը լրացնել նոր պարբերությամբ, որը փաստաբաններին հնարավորություն կտա իրենց վստահորդների շահերի պաշտպանության նպատակով առանց համապատասխան համաձայնության տեղեկություններ ստանալ գույքային իրավունքների, դրանց ձեռքբերման կամ գրանցման հիմքերի վերաբերյալ: Այս փոփոխության վերաբերյալ ևս կառավարության դիրքորոշումը դրական էր:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել նաև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթին, «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերին: