5 ապրիլի 2013 - 19:10 AMT
ՀՀ-ն մոտ 10 մլն եվրո վարկ կստանա՝ Բագրատաշենի սահմանային անցակետում կամուրջ կառուցելու համար

Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկել և հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքված՝ «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիրը»: Վարկային համաձայնագիրը կընդգրկվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը պատգամավորներին տեղեկացրել է, որ համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 10 մլն 300 հազար եվրո վարկ՝ ֆինանսավորելու Բագրատաշենի սահմանային անցակետում կամուրջի կառուցումը: Այս վարկը մեկ ամբողջական ծրագրի բաղկացուցիչ մասն է. ծրագրի ամբողջական արժեքն ավելի քան 65 մլն եվրո է, որով նախատեսվում է արդիականացնել Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերը: Վարկառուն այս աշխատանքների իրականացման համար գումարներ կստանա Եվրոպական ներդրումային բանկից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից, ԵՄ Հարեւանության ներդրումային ծրագրից, ԵՄ-ից: Փոխնախարարը նշեց, որ գումարների զգալի մասը դրամաշնորհներ են, իսկ այս համաձայնագրով ստանալիք վարկն ունի մեղմ պայմաններ:

Պատգամավորները հարցադրումներով տեղեկացել են վարկի տոկոսադրույքների ու մարման պայմանների, աշխատանքների բաշխման ու ժամկետների, հնարավոր ռիսկերի մասին: Խոսելով ծրագրից ակնկալվող արդյունքների մասին՝ հիմնական զեկուցողը նշել է, որ այս անցակետն արդիականացնելուց հետո կպարզեցվի և կներդաշնակեցվի Հայաստանի և Վրաստանի սահմանի այս հատվածում մարդկանց և փոխադրամիջոցների տեղաշարժը՝ նվազագույնի հասցնելով ծախսվող ժամանակը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ ևս քննարկվել է 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ ակնկալվում է ծրագիրն ավարտին հասցնել համաձայնագրի ստորագրմանը հաջորդող երեք տարիների ընթացքում: Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը: