8 նոյեմբերի 2005 - 14:34 AMT
Հայաստանի եւ Հարավային Կորեայի ԱԳՆ-ը համաձայնագիր են ստորագրել խորհրդատվություններ անցկացնելու վերաբերյալ
Այսօր Հայաստանի արտգործնախարարությունում ստորագրվեց համաձայնագիր ՀՀ ԱԳՆ եւ Կորեայի Հանրապետության արտաքին գործերի եւ առեւտրի նախարարությոնների միջեւ խորհրդատվություններ անցկացնելու մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հարավկորեական կողմից այն ստորագրեց Հայաստանում Կորեայի դեսպան Կիմ Ջե Սապը (նստավայրը` Մոսկվա), իսկ հայկական կողմից` ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանը: Համաձայնագիրը վերաբերվում է երկկողմ հարաբերությունների շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ դիվանագիտական խորհրդատվությունների անցկացմանը, մասնավորապես, գլոբալ հարցերի, ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, քաղաքական, տնտեսական եւ մշակութային շփումների խրախուսման, Եվրոպական եւ Ասիական անվտանգության, գլոբալ ինտեգրման, երկկողմ համաձայնագրերի կատարման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հարցերին: Համաձայնագիրը նախատեսում է նաեւ համագործակցություն եւ խորհրդատվություններ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների տարածաշրջանային եւ ֆունկցիոնալ ստորաբաժանումների միջեւ: