
Ալմաթիյում այսօր ավարտվել են Իրանի և «վեցնյակի» բանակցությունները: Ըստ իրանագետ Ռուդիկ Յարալյանը, այդ բանակցություններին վերջնական գնահատական տալու համար դեռ վաղ է:
«Լուրջ և բեկումնային շրջադարձեր այս փուլում չպետք է ակնկալել: Քեթրին Էշտոնն ավելի վաղ ասել էր, որ կվերանայվի Իրանի նկատմամաբ ոսկու ներմուծման արգելքը և նոր պատճամիջոցները կհստակեցվեն»,- ասել է նա:
Ըստ Յարալյանի, այն, որ բանակցություններով են այդ հարցերը լուծվելու, խոսում է առաջընթացի մասին: Բայց նա նաև ընդգծել է, որ դրանք արարողակարգային հանդիպումներ են, և մինչև Իրանում նախագահական ընտրությունները չկայանան, հստակ ոչինչ չի որոշվի. «Դրանից հետո միայն Իրանն ու Արևմուտքը իրենց սպասելիքներն ու պահանջները կհստակեցնեն»:
Նրա համոզմամբ, ԱՄՆ-ին ձեռնտու չէ, որ Պարսից ծոցում ռազմական գործողություններ լինեն, և մոտ ապագայում դրանք բացառվում են: «ԱՄՆ-ն անմիջականորեն չի փորձում տարածաշրջանային իրադարձություններին մասնակցել, այդպիսին է իրավիճակը նաև Սիրիայի հետ կապված: Իսկ երբ կարողանա տնտեսական պատժամիջոցները խստացնել, Իրանը ստիպված կլինի զիջումների գնալ»,- նշել է նա:
Մեկ այլ իրանագետ Արմեն Իսրայելյանի, ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները Իրանի նկատմամաբ հաջողվում են: «Երկկողմանի բանակցությունների կոչ ևս հնչում է ԱՄՆ-ի կողմից, սակայն Իրանը մերժում է»: