Երևանի կենտրոնը պարալիզացված էր. Փակ փողոցների մասին ոչ ոք տեղյակ չէր

Երևանի կենտրոնը պարալիզացված էր. Փակ փողոցների մասին ոչ ոք տեղյակ չէր

PanARMENIAN.Net - Գիտեի՞ք, որ երթուղայինով Բարեկամությունից մինչև Օպերա հասնելը ուղիղ 40 րոպե է տևում. ոչ ավել՝ ոչ պակաս: Բայց այսօր միայն: Ով մոտ մեկ ժամ առաջ անցել է այդ հատվածով, լավ կիմանա՝ ինչի մասին է խոսքը: Մի ժամից ավել Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչև Աբովյան պողոտա ընկնող ճանապարհահատվածը փակ էր: Փակ էր նաև Փոքր կենտրոնը: Ճանապարհային ոստիկանությունում մեզ ասացին, որ ճանապարհների փակ լինելը պայմանավորված է միջոցառմամբ, բայց թե ինչ միջոցառմամբ՝ չգիտեին: Օգնության հասավ ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը. նա ասաց, թե ինչն է պատճառը՝ զուգադիպել են ճանապարհների գծանշման աշխատանքներն ու ապրիլի 9-ին կայանալիք նախագահի երդմնակալության փորձերը: Իսկ հենց շաբաթ օրն ընտրվել է, որովհետև այն ոչ աշխատանքային է ու ճանապարհները համեմատաբար քիչ են ծանրաբեռնված:

Հարցիս՝ ճանապարհների փակ լինելու մասին չէի՞ն տեղեկացրել արդյոք քաղաքապետարանին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին տեղյակ պահեին երթուղայինների գծերի տերերին ու վարորդներին, Ահարոնյանն ասաց՝ «բնականաբար, տեղյակ էին»: Նշեմ միայն, որ վերջինիս զանգահարելուց րոպեներ առաջ քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը մեզ ասաց. «Տեղյակ չեմ, ոչնչից տեղյակ չեմ»:

Ի դեպ, զարմանալի չէ, որովհետև մեր երթուղայինի վարորդը ոչ միայն չգիտեր, թե որ փողոցներն են փակ, այլև առհասարակ չգիտեր դրա մասին: Ինքը՝ քաղաքապետարանին ենթակա մարդը, ճշտելու, թե որ փողոցներն են փակ, զանզանգում էր իր գործընկերներին ու հարցնում, թե ինչպես գնա, նաև զգուշացնում՝ որ փողոցներով իրենք չգնան: Բացի դրանից, նա նաև ստիպված է լսել բորբոքված ուղևորների մուննաթը, քանի որ Բաղրամյանից՝ Պռոշյան թեքվելիս խոստացավ, որ Մաշտոցի պողոտայով դուրս կգա Սայաթ-Նովա, բայց այն ևս փակ էր:

Խցանման ծայրը չէր երևում նաև Ծիծեռնակաբերդի խճուղում: Կա՞ն արդյոք մեղավորներ, թե՝ ոչ, ու եթե այո, ապա ովքե՞ր են. ինքներդ որոշեք:

Մանե Եփրեմյան
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---