9 նոյեմբերի 2005 - 12:31 AMT
Այսօր Ռոբերտ Քոչարյանը պետական այցով կմեկնի Հունաստան
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետական այցով կմեկնի Հունաստան: Այցը կկայանա Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հրավերով: Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net-ի թղթակցին էին հաղորդել նախագահի մամլո ծառայությունում, հայկական պատվիրակության կազմում Հունաստան կմեկնեն նաեւ արտաքին գործերի, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության նախարարները, Ազգային Ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, Հունաստանում Հայաստանի դեսպանը, պաշտոնատար այլ անձինք: Այցի հիմնական նպատակն է խորացնել կապերը երկու երկրների միջեւ, նախանշել հայ-հունական տնտեսական փոխգործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրներն, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:

Եռօրյա այցի ընթացքում Ռ.Քոչարյանը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի, վարչապետ Կոստաս Կարամանլիսի, խորհրդարանի նախագահ Աննա Փսարուդա Բենակիի, ինչպես նաեւ խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների հետ: Տեղի կունենան նաեւ հայ-հունական բանակցություններ` ընդլայնված կազմով: Քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները: Հայաստանի նախագահը հանդիպում կունենա նաեւ Աթենքի քաղաքապետ Դորա Բակոյանի հետ, ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի հուշարձանին: Հունաստանի մայրաքաղաքում Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությանը, հանդիպում կունենա հունահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նոյեմբերի 11-ին Հայաստանի նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երեւան: