9 նոյեմբերի 2005 - 16:22 AMT
ՀՀ ՊՆ ղեկավար. Եթե Բաքուն կցանկանա ներգրավվել սպառազինությունների մրցավազքում, ապա Երեւանը կկարողանա պատասխանել դրան
Հայաստանը դիմել է ԱՄՆ-ին` վերացնելու Հայաստանին եւ իր նախկին ախոյան եւ հարեւան Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության մեջ դիտվող անհամաչափությունը: Այդ մասին«Ջեյնս» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Միացյալ Նահանգների օրենսդրությունը պահանջում է ԱՄՆ կողմից անվտանգության օժանդակության ծրագրերի շրջանակներում «Արտաքին ռազմական ֆինանսավորման» (FMF) համաչափ գումարների տրամադրում Հայաստանին եւ Ադրբեջանին: Սակայն նկատի ունենալով ԱՄՆ կողմից Ադրբեջանում իրականացվող 7 տարի տեւողությամբ եւ 80 միլիոն դոլար արժողությամբ «Կասպից Ծովի սահմանների պաշտպանության նախաձեռնություն» ծրագիրը` Հայաստանը կարծում է, որ նա պետք է ստանա համեմատաբար ավելի լայն օժանդակություն, նշեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ս.Սարգսյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդի հետ - բարձրացրել է այս հարցը, չնշելով սակայն ակնկալվող օժանդակության առանձնահատուկ տեսակը: «Իհարկե, շատ ցանկալի է ունենալ մեկ այլ ծրագիր օժանդակությունը հավասարակշռելու համար, եւ դա արդարացի կլիներ», - նշեց նա: «Եթե համաչափությունը խախտված է նույնիսկ 50 հազար դոլարով հօգուտ Ադրբեջանի, ապա դա կարող է դիտվել որպես այդ երկրի խրախուսում»,-հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավարը: Նրա խոսքոերով, ինքն հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամների հետ, որոնք նրան հավաստիացրել են, որ FMF ծրագրի համաչափությունը կպահպանվի 2006 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեում, որի շուրջ քննարկումները Կոնգրեսում ներկայումս ավարտվում են: Պենտագոնի խոսնակ, փոխկոմանդեր Ջո Կարպենթերը հաստատեց, որ Ռամսֆելդը եւ Սարգսյանը քննարկեցին անվտանգության ասպարեզում համագործակցության խնդիրներ: «Կասպից Ծովի ծովային սահմանների անվտանգությունը» մի ծրագիր է, որ նախատեսում է կառուցել Կասպից Ծովի շուրջ Ադրբեջանի եւ Ղազախստանի ծովային սահմանների վերահսկման, հրամանատարության-վերահսկողության եւ արագ արձագանքման կարողությունները: Չնայած Հայաստանը ցամաքային երկիր է, հայ պաշտոնյաները մտահոգված են, որ Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ օժանդակությունը կարող է հնարավորություն ընձեռել Բաքվին իր սահմանափակ ռեսուրսները օգտագործելու երկրի ուրիշ, այդ թվում նաեւ Հայաստանին հարակից շրջաններում զինված ուժերի ամրապնդման նպատակով:
Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը չի տեսնում Ադրբեջանի կողմից սպառնալիքի աճ եւ նշեց, որ եթե Բաքուն կցանկանա ներգրավվել սպառազինությունների մրցավազքում, ապա Երեւանը կկարողանա պատասխանել դրան, սակայն դա կլինի Հայաստանի տնտեսության հաշվին: Վերջերս ԱՄՆ ավարտեց Հայաստանի զինված ուժերի գնահատումը եւ նոյեմբերի վերջին նախատեսում է ներկայացնել իր եզրակացությունները Հայաստանի կառավարությանը: Սարգսյանը նշեց, որ գնահատման արդյունքներից ելնելով նախատեսվող բարեփոխումներից են ազգային անվտանգության ռազմավարությունը եւ դրան հարակից ռազմական հայեցակարգը, բյուջեի ձեւավորման գործընթացի բարելավումը, պաշտպանության բնագավառում քաղաքացիական ծառայողների քանակի ավելացումը եւ ոչ անհրաժեշտ զինվորական օբյեկտների եւ ենթակառուցվածքների կրճատումը: Հայաստանը նաեւ ծրագրում է մինչեւ 2010թ. ստեղծել ամբողջական խաղաղապահ բրիգադ եւ այդ հարցում խնդրել է ԱՄՆ օժանդակությունը: Հայաստանն ունի փոքրաթիվ խաղաղապահ ստորաբաժանումներ Իրաքում եւ Կոսովոյում:«Դ.Ռամսֆելդն իր երախտագիտությունը հայտնեց Իրաքի կայունությունն ապահովող գործողություններում եւ Կոսովոյում խաղաղապահ գործողություններին Հայաստանի ներդրման կապակցությամբ: Այս օժանդակությունը օգտակար է», - հայտարարել է Ջ.Կարպենթերը:
2006թ. Հայաստանը հյուրընկալելու է ՆԱՏՕ-ի բժշկական եւ փրկարարական վարժանքները, սակայն մասնակիցների ցանկը դեռ ճշտված չէ: 2004թ. ՆԱՏՕ-ն չեղյալ հայտարարեց զինավարժություններն Ադրբեջանում, քանի որ այդ երկիրը հրաժարվեց թույլ տալ Հայաստանի զինված ուժերի մասնակցությունը: