8 ապրիլի 2013 - 12:27 AMT
Մեքսիկան կարևորում է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը

Ապրիլի 8-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նա իր աշխատանքով նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանը և ամրապնդմանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ անցած տարի Մեքսիկա իր այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը հավելյալ խթան կհանդիսանա հայ-մեքսիկական փոխգործակցության զարգացման համար: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել այս տարի Մեխիկոյում Հայաստանի դեսպանություն բացելու մասին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Գեռերոն նշեց, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը և հավաստիացրեց, որ բոլոր ջանքերը կներդնի հայ-մեքսիկական բարեկամությունն էլ ավելի խորացնելու համար:

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերին: