8 ապրիլի 2013 - 16:45 AMT
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իտալիայի տարբեր քաղաքներից ժամանած կաթոլիկ ուխտավորների

Ապրիլի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայի տարբեր քաղաքներից Հայաստան ժամանած կաթոլիկ ուխտավորների` առաջնորդությամբ Մոսկվայի Կաթոլիկ Եկեղեցու արքեպիսկոպոս Պաոլո Պեցցիի:

Հանդիպմանը, ողջունելով Քույր Եկեղեցու ուխտավորների այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վեհափառ Հայրապետը նշեց, որ նրանց ներկայությունն ու աղոթքները ոչ միայն յուրահատուկ կերպով զորացնում են հայ ժողովրդին ու նրա հավատքը, այլև գալիս են միախառնվելու հանուն աշխարհի խաղաղության և մարդկության բարօր ու երջանիկ կյանքի մեր ժողովրդի զավակների աղոթքներին, հայտնում է Սբ Աթոռի մամլո ծառայությունը:

Նորին Սրբությունը նաև շնորհավորեց Կաթոլիկ Եկեղեցու ուխտավորներին Հռոմի նոր Սրբազան Քահանայապետի ընտրության կապակցությամբ, ապա անդրադարձավ Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների մտերիմ հարաբերություններին ու համագործակցությանը:

Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: