8 ապրիլի 2013 - 17:01 AMT
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ. Հաջողությամբ է զարգանում Դաշինքի համագործակցությունը Հայաստանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին, ով Հայաստան է ժամանել ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության նախագահը հանդիպման ընթացքում նրա հետ խոսել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերի մասին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ձևավորված համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում: Նախագահի համոզմամբ, Դաշինքի հետ հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է հանրային դիվանագիտության ոլորտը, որի շնորհիվ մեր հասարակությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև բարձր մակարդակի շփումները և հաստատված քաղաքական երկխոսությունը ինչպես Դաշինքի, այնպես էլ անդամ-պետությունների հետ, որոնք դրական են անդրադառնում գործընկերային հարաբերությունների զարգացման վրա: Դեսպան Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանում:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Դաշինքի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին Աֆղանստանում և Կոսովոյում Հայաստանի մասնակցության, միջազգային անվտանգության համակարգին մեր երկրի ներդրման համար, միաժամանակ ընդգծելով, որ հաջողությամբ է զարգանում Դաշինքի համագործակցությունը Հայաստանի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին: