8 ապրիլի 2013 - 17:22 AMT
«Ամերիա» ընկերությունը աշխատում է Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարելավման վրա

«Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայությունը Սոցիալական պաշտպանության վարչարարական ծրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվերով մշակում է առաջարկությունների փաթեթ` Հայաստանում կենսաթոշակային քաղաքականության բարելավման ու արդյունավետության բարձրացման նպատակով: Առաջարկությունները մասնավորապես վերաբերվելու են արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների հաշվարկման կարգում և նրանց իրավունք տվող պայմաններում բարեփոխումների կատարմանը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության գործող կենսաթոշակային համակարգը ներառում է պետական կենսաթոշակային ապահովություն, պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչ և կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչ: . Ամերիայի կողմից կատարված հետազոտությունների համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման շրջանակներում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ պետական կենսաթոշակային ապահովության բնագավառում վարվող քաղաքականության մեջ, որոնք կենթադրեն նաև որոշակի օրենսդրական փոփոխություններ:

Առկա խնդիրները պարզաբանեց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ավագ փորձագետ Տիգրան Գրիգորյանը. «2011 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորվում են պետական կենuաթոշակային ապահովության կառավարմանն ու ֆինանuավորմանն առնչվող հարաբերությունները և հաշվի առնելով նոր համակարգի ներդրումը` անհրաժեշտ է փոփոխություններ կատարել պետական կենսաթոշակային ապահովության բնագավառում վարվող քաղաքականության մեջ:

Մենք խնդիրներ ենք տեսնում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների հաշվարկման կարգում և նրանց իրավունք տվող պայմաններում: Այս առումով գործող իրավական դաշտը թույլ չի տալիս լիովին հաշվի առնել տվյալ թիրախային խմբերի շահերը:

Այժմ մեր կողմից հստակեցվում են առկա խնդիրները, ուսումնասիրվում է լավագույն միջազգային պրակտիկան: Այդ աշխատանքներն ավարտելուց հետո կմշակվի այն մոդելը, որը առավելագույնը կհամապատասխանի Հայաստանի իրականությանը:

Բացի այդ, կմշակվի այդ մոդելի կիրարկումն ապահովող օրենսդրական բարեփոխումների փաթեթը, որի ընդունումը կապահովի նշված թիրախային խմբերի համար առավել բարենպաստ պայմաններով կենսաթոշակային համակարգի ներդրում: Մենք նախատեսում ենք աշխատանքներն ավարտել ընթացիկ տարվա մայիսի 31-ին»: