8 ապրիլի 2013 - 17:19 AMT
Ոստիկանությանն ինչ-որ բան խանգարո՞ւմ է բացահայտել Զ.Զոհրաբյանի ավտովթարի հանգամանքները

Նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայությունն անդրադարձել է նրա վթարի հետևանքով հարցուված քրգործին: Տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի, փաստի առթիվ ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դեռ նախաքննությունը շարունակվում է:

Նմանատիպ այլ դեպքերում ոստիկանության օպերատիվ աշխատանքների շնորհիվ բացահայտվում են հանցագործությունները, սակայն այս դեպքում ինչ-որ բան խանգարում է ոստիկանությանը բացահայտել ավտովթարի հանգամանքները, ինչը տեղիք է տալիս մտածելու, որ ոստիկանությանը ինչ-որ բան խանգարում է: Զերծ մնալով արդեն ոստիկանության աշխատանքներին քաղաքական գնահատական տալուց, Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայությունը ոստիկանությանը խնդրում է օբյեկտիվ նախաքննություն և շուտափույթ բացահայտում իրականացնել»:

Ավելացնենք, որ նախկին պատգամավորի առողջական վիճակը կայուն է: Նա գիտակցության է եկել և այժմ գտնվում է դեղորայքային կոմայի մեջ:

Հիշեցնենք, որ նախկին ՀՀԿ-ական, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանը վթարի էր ենթարկվել ապրիլի 5-ին: Բախվել էին «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 համարանիշի և «Չերրի» մակնիշի 09UL425 համարանիշի ավտոմեքենաները: