8 ապրիլի 2013 - 17:57 AMT
Յուրա Պողոսյանի ծննդյան օրն է. Իր վաշտ անդամագրվել ցանկացողին հարցնում էր` գաղտնիք պահել գիտե՞ս

Այսօր ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Յուրա Պողոսյանի ծննդյան օրն է:

Յուրա Պողոսյանը ծնվել է 1961 թվականին: Մանկությունն ու պատանեկությունն անցել են Ստեփանակերտում: Խորհրդային բանակում ծառայելուց հետո Ստեփանակերտում` հայրական տանը կից բացել է սեփական արհեստանոցը, որն էլ հետագայում դարձել է ազգային-ազատագրական պայքարի առաջին զինանոցներից մեկը: Նրա պատրաստած զենքերն առաջին անգամ օգտագործվել են 1990 թ. Հադրութի շրջանում, երբ ադրբեջանցիները բռնի տեղահանում էին հայերին։

Արցախյան ազատամարտի ժամանակ նրա հավաքած խումբը դարձել է ապագա 4-րդ վաշտի կորիզը, որի հրամանատարը պետք է դառնար ինքը: Մարտական ընկերները տարբեր առիթներով պատմել են, որ չափազանց գաղտնապահ էր: Իր վաշտում անդամագրվել ցանկացողին առաջին հերթին հարցնում էր` գաղտնիք պահել գիտե՞ս…

Յուրա Պողոսյանը զոհվել է 1992 թ-ին հունիսի 12-ին, Ասկերանի շրջանի Նախիջևանի ճակատային գծում: Նրա աճյունն ամփոփված է Ստեփանակերտի գերեզմանատանը: