8 ապրիլի 2013 - 18:17 AMT
ՏՏ ոլորտի քաղծառայողների վերապատրաստումն այսուհետ կիրականացնի Պոլիտեխնիկը

Այսօրվանից մեկնարկում են ՀՀ պետական կառույցների տեղեկատվական տեխնոլոգիաների ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացները, որոնց կազմակերպման իրավունքը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հայտարարած մրցույթում շահել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:

Վերապատրաստման երկշաբաթյա դասընթացին մասնակցում են Առողջապահության, Արտաքին գործերի, Ֆինանսների, Քաղաքաշինության, Կրթության և գիտության, Արդարադատության և մի շարք այլ նախարարությունների, ինչպես նաև` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Գիտության պետական կոմիտեի և այլ պետական կառույցների ՏՏ ոլորտի ավելի քան 20 աշխատակիցներ:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից հաստատված ծրագրով որակավորման բարձրացման դասընթացը կանցկացվի ՀՊՃՀ Շարունակական կրթության կենտրոնում: Դասընթացը կվարեն ՀՊՃՀ լավագույն դասախոսներն ու հրավիրված մասնագետները, ովքեր վերապատրաստվել են Microsoft ընկերության ուսումնական ծրագրերով և ունեն դասավանդման երաշխավորագիր:

ՀՊՃՀ Շարունակական կրթության կենտրոնը ստեղծվել է 2012թ. հոկտեմբերին և իր մեջ ներառում է Microsoft Տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիան, Cisco Ցանցային ակադեմիան և Դասախոսների կատարելագործման կենտրոնը։ Կենտրոնը համալրված է ժամանակակից համակարգչային տեխնիկայով և իրականացնում է ուսումնական դասընթացներ Microsoft ընկերության բոլոր հիմնական ուղղություններով` ներառելով ծրագրավորման ժամանակակից պլատֆորմը (.Net), ցանցային տեխնոլոգիաները, տվյալների հենքերի կառավարման համակարգերը, ինչպես նաև Cisco ցանցային ակադեմիայի արտոնագրված դասընթացները, հայտնում է ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժինը: