8 ապրիլի 2013 - 18:19 AMT
Լորդ Սոլտերի Ուոլիսը կարևորում է միջխորհրդարանական կապերը Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության Լորդերի պալատի անդամ, Կառավարության և Լորդերի պալատի միջև կապերի գծով նախարար լորդ Սոլտերի Ուոլիսին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու ԱԺ հատուկ նիստին, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Ողջունելով լորդ Ուոլիսին` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին տարիներին Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցությունը զգալի վերընթաց է ապրել: Հովիկ Աբրահամյանը կարևորեց Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները թե' երկկողմ, և թե' բազմակողմ ձևաչափերով ընդլայնելու անհրաժեշտությունը` վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, հարաբերությունների հետագա արդյունավետ զարգացման և ամրապնդման, ինչպես նաև փոխգործակցության եզրերն ընդլայնելու համար առկա է մեծ ներուժ: ԱԺ նախագահը անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը և խորհրդարանների միջև տարբեր մակարդակներով պատվիրակությունների շփումները այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակներից է: Հովիկ Աբրահամյանը կարևորեց նաև համագործակցության խորացումը Եվրոպական Միության հետ հարաբերությունների ձևաչափում և միջազգային խորհրդարանական կառույցներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` լորդ Սոլտերի Ուոլիսը նույնպես կարևորեց երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացումը ու խորացումը: Այս համատեքստում նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, երկկողմ շփումները, համագործակցությունը տարբեր ձևաչափերով: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ տարածաշրջանային հարցերի, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի: