8 ապրիլի 2013 - 19:06 AMT
Իզաբելլա Մուրադյան. «Արմավիայի» սննկացման գործում իր մեղքն ունի նաև պետությունը

«Արմավիա» ազգային ավիափոխադրողի սննկացման գործում իր մեղքն ունի նաև պետությունը: Կարծիքը Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա նաև մեկնաբանլ է իր տեսակետը` պետությունը մեղավոր է այնքանով, որ ռազմավարական նշանակության օբյեկտներն ամբողջությամբ վաճառվում են մասնավորին: «Հայաստանը ժամանակին սխալ թույլ տվեց՝ վաճառելով ազգային ավիաուղիները մասնավորին: Աշխարհում սա համարյա քիչ հանդիպող պրակտիկա է: Օրինակ՝ «Աէրոֆլոտի» բաժնետոմսերի 51%-ը Ռուսաստանին է պատկանում, «Չեխական» ավիաուղիների 50%-ը` Լեհաստանին»,- ասել է նա:

Հայաստանը ԱՊՀ միակ երկիրն է, որը չունի օդային հաղորդակցության ոլորտը կարգավորող օրենք: Իզաբելլա Մուրադյանը պետության որպես բացթողում նշել է նաև այս փաստը.«Կան շատ լուրջ բացթողումներ օրենսդրական դաշտում:

Փոխհարաբերությունները չեն որոշվում օրենքով: Չկա օդային օրենսգիրք, դա միայն մեկ օրենքով է կարգավորվում և արդյունքը մենք հիմա տեսնում ենք: Դա շատ մեծ փաթեթ է, որը գոյություն չունի, բայց 2004թ-ից ավիացիոն միավորման կողմից հարցը բարձրացվել է»:

Նա ևս մեկ պատճառ է նշել` ազգային ավիափոխադրողի վիճակը վատթարացավ, երբ կառավարությունն անտեսեց «Արմավիա»-ի դժգոհությունը «Զվարթնոց» օդանավակայանի սակագնային փաթեթից:

Իզաբելլա Մուրադյանը նաև անդրադարձավ «Արմավիայի» մենեջմենթի սխալներին:«Բոլորը խոսում են վատ մենեջմենթի մասին, համաձայն եմ, նաև այդ խնդիրն է եղել: Պետությունը այսօր պետք է որոշի՝ ուզում ենք ազգային ավիափոխադրող, թե ոչ: Պետք է որոշվի կա՛մ «Արմավիան» վերականգնել, կա՛մ նոր ազգային ավիափոխադրող ունենալ»,– ասել է նա ու ավելացրել, որ այս իրավիճակում փոխադրումներ են իրականացնող ավիաընկերություններն ունեն ֆորսմաժորային իրավիճակների մասին կետ: Եթե լինի որևէ արտակարգ իրավիճակ, ոչ մի թռիչք չի իրականացնի: