Մալաթիա-Սեբաստիայում մանկական վերականգնողական ծառայության բաժանմունք է բացվել

Մալաթիա-Սեբաստիայում մանկական վերականգնողական ծառայության բաժանմունք է բացվել

PanARMENIAN.Net - Մալաթիա-Սեբաստիայում մանկական վերականգնողական ծառայության բաժանմունք է բացվել: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է բաժանմունքի բացմանը:

Ծառայությունը ներդրվել է աուտիզմով, մտավոր, հոգեկան, ֆիզիկական, լսողական և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հիվանդության վաղ հայտնաբերման և միջամտության, ինչպես նաև առաջնային բուժսպասարկման օղակում որակյալ վերականգնողական ծառայությունների մատչելիության ապահովման նպատակով: Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ նման ծառայություն մատուցվելու է համաբուժարանային պայմաններում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ քաղաքապետը շրջել է ամբողջությամբ վերանորոգված և անհրաժեշտ պարագաներով կահավորված բաժանմունքով, ծանոթացել բուժման համար անհրաժեշտ պայմաններին։ Շնորհավորելով անձնակազմին նորոգված բաժանմունքի բացման կապակցությամբ` Տարոն Մարգարյանն ընդգծել է բաժանմունքի կարևորությունը մայրաքաղաքի առողջապահական համակարգում:

Քաղաքապետը նաև նշել է, որ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների հասարակությանը լիարժեք ինտեգրացման նպատակով նախատեսվում է Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանի թիվ 78 մանկապարտեզում իրականացնել վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ, մասնագետների վերապատրաստում, համապատասխան պարագաներով և խաղերով հագեցում, որտեղ կհաճախեն թիվ 9 մանկական համաբուժարանում բուժվող հատուկ կարիքներով երեխաները:

Ստեղծված ծառայության գործունեությունը և երեխաների վերականգնողական ծառայությունները իրականացվելու են պետական պատվերի շրջանակում:

Տարոն Մարգարյանն այցելել է նաև «Արմենիկում» կլինիկական կենտրոն, շրջել հարկաբաժիններով, ծանոթացել կետրոնի պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---