10 նոյեմբերի 2005 - 16:55 AMT
Ռենե վան դեր Լինդեն. Եվրամիությանը անհրաժեշտ է Թուրքիայի անդամակցությունը
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ (ԵԽԽՎ) Ռենե վան դեր Լինդենը Անկարայում հայտարարել է, թե պաշտպանում է Թուրքիայի անդամակցության գործընթացին վերաբերող Եվրահանձնաժողովի կողմից Բրյուսելում նոյեմբերի 9-ին հրապարակված տարեկան զեկույցը: «Թուրքիան ժամանակակից ժողովրդավարական երկիր է, որտեղ հարգվում են մարդու իրավունքները: Թուրքիայի ներկայությունը Եվրախորհրդում միայն ավելացնում է կազմակերպության արժեքն ու կարեւորությունը», - Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է ԵԽԽՎ նախագահը: «Եթե Թուրքիան դառնա Եվրամիության լիիրավ անդամ, դա տեղի կունենա շնորհիվ Եվրախորհրդում Թուրքիայի 55 տարվա անդամակցության: Եվրախորհուրդը շարունակելու է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը աջակցելու գործընթացը եւ ճանապարհի կեսից հետ չի կանգնելու», - նշել է Ռենե վան դեր Լինդենը` միաժամանակ ավելացնելով, թե «գործընթացը բավական դժվարին է լինելու»: Եվրամիությունը պահանջում է վերացնել կտտանքները, բարեփոխել դատաիրավական համակարգը, ուժային կառույցների գործունեությունը դնել խորհրդարանի հսկողության ներքո: Ընդհանուր առմամբ, զեկույցում Թուրքիային ներկայացվել է շուրջ 150 պահանջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: