11 նոյեմբերի 2005 - 13:22 AMT
Սանկտ-Պետերբուրգում նշել են Հայոց գրերի ստեղծման 1600-ամյակը
Նոյեմբերի 8-ին Սանկտ-Պետերբուրգում նշվեց Մեսրոպյան հայոց գրերի ստեղծման 1600-ամյակը, որ կազմակերպել էր ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Սանկտ-Պետերբուրգի հայ ազգամշակութային ինքնավարության եւ Սանկտ-Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցու հետ համատեղ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այդ նպատակով «Մոսկովսկի» մշակութային կենտրոն էին հրավիրվել Սանկտ-Պետերբուրգի վարչակազմի ղեկավար աշխատողներ, Սանկտ-Պետերբուրգի հոգեւոր ակադեմիայի տնօրեն Արքեպիսկոպոս Կոնստանտինը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Երեկոն բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհավորական կոնդակի ընթերցմամբ: Ներկաներին ողջույնի խոսք հղեցին Արքեպիսկոպոս Կոնստանտինը, Սանկտ-Պետերբուրգի վարչակազմի Մշակույթի կոմիտեի նախագահ Նիկոլայ Բուրովը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսիո թեմի առաջնորդ Եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը: Միջոցառմանը եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ գլխավոր հյուպատոս Ռ. Հակոբյանը: