11 նոյեմբերի 2005 - 17:42 AMT
Հարավային Կովկասի եւ Բալթիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը 3+3 ձեւաչափով տեղի կունենա Լյուբլյանայում
Ընթացիկ տարվա դեկտեմբերին Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում տեղի կունենա Հարավային Կովկասի եւ Բալթիայի երկրների արտգործնախարարների հանդիպումը 3+3 ձեւաչափով: Ինչպես այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, Լյուբլյանայի հանդիպմանը կմասնակցեն Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի արտգործնախարարները: Հանդիպման հիմնական թեման կլինի Հարավային Կովկասի երկրների ինտեգրումը Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին: Նրա խոսքերով, 3+3 ձեւաչափով հանդիպում անցկացնելու գաղափարը պատկանում է Լիտվայի նախագահին, որն ակտիվորեն աջակցում է Վրաստանի ինտեգրմանը եվրոպական կառույցներին: Սահակաշվիլին ընդգծել է, որ Լյուբլյանայում կայանալիք հանդիպումը վճռորոշ կլինի` պարզելու համար, թե ուր կգնան Հարավային Կովկասի երկրները` դեպի ժողովրդավարություն թե ֆեոդալական կարգեր: «Ես համոզված եմ, որ ինչ խնդիրներ էլ լինեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բոլոր երեք պետությունները կկարողանան մեկ դիրքորոշում մշակել Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում»,-հայտարարել է նա: Իր կողմից Վալդաս Ադամկուսն ընդգծել է, որ Լիտվան կանի հնարավորը` արագացնելու համար Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: