12 նոյեմբերի 2005 - 12:58 AMT
Պաշտոնական Բաքուն շահագրգռված է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների երկխոսությունը շարունակելու հարցում
Պաշտոնական Բաքուն կողմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նա նշել է, որ «ինքը տեղեկություն չունի այն մասին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջարկ է արել Ի.Ալիեւի եւ Ռ.Քոչարյանի հերթական հանդիպումը 2006 թվականի հունվարին անցկացնելու վերաբերյալ, ինչի մասին հայտարարել է Հայաստանի նախագահը»: «Միգուցե ինչ-որ կանալներով նա ստացել է նման լուր, բայց ես նման առաջարկ չունեմ: Սակայն, եթե ինչ-որ առաջարկ լինի, ապա մենք, անկասկած, շահագրգռված ենք նման հանդիպման մեջ: Կողմերի Կազանում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը վճռական է շարունակելու նման խորհրդատվությունները: Միայն թե բանակցություններն արդյունավետ լինեն, միայն թե հնարավոր լինի ինչ-որ առաջխաղացման հասնել»,-ասաց Ն.Մամեդովը` չբացառելով այն հնարավորությունը, որ համանախագահներից նման առաջարկ կստանա նաեւ Բաքուն, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին հունահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները օրերս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին գրավոր հորդորել են հանդիպում անցկացնել եկող տարվա հունվարին: «Գործը տեղից շարժելու հնարավորություն ես իսկապես տեսնում եմ: Չնայած շտապելու խնդիր մեր առջեւ չենք դրել: Եթե կա հակամարտությունը կարգավորելու մեզ համար բարենպաստ տարբերակ, այդ շանսը բաց թողնելը ողջամիտ չի լինի»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Նշենք նաեւ, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել էր, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դիմել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին միջնորդների տարածաշրջան կատարելիք հերթական այցի ժամանակ հանդիպում կազմակերպելու խնդրանքով: Նրա խոսքերով, երկու երկրների ղեկավարներին ուղղված ուղերձներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ցանկություն են հայտնել նաեւ առանձին հանդիպումներ ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ: Այդ հանդիպումները կարող են կազմակերպվել դեկտեմբերի 5-6 Լյուբլյանայում: