10 ապրիլի 2013 - 12:17 AMT
Կանադայի մարդու իրավունքների թանգարանում կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն

Վիննիփեգում 2014թ. կբացվի Կանադայի մարդու իրավունքների թանգարանը: Ինչպես հայտարարել է թանգարանի հասարակայնության հետ կապերի գծով ղեկավար Քլինթ Քերլը, Հայոց ցեղասպանությունը չի մոռացվի և իր տեղը կղբազեցնի թանգարանում: Հայոց ցեղասպանությունից քաղած դասերը կներկայացվեն թանգարանում մի քանի ուղղություններով, այդ թվում Ռաֆայել Լեմկինին նվիրված ցուցադրության շրջանակներում, որը ներմուծեց «ցեղասպանություն» եզրույթը: Ցուցադրությունը կներառի նաև վերապրածների վկայությունները, ապացույցներն ու հայ համայքնի պայքարը ճանաչման ուղղությամբ»,-ասել է Քերլը, գրում է Winnipeg Free Press-ը:

Նա ընդգծել է, որ Կանադայի մարդու իրավունքների թանգարանը չի պատրաստվում 1,5 մլն հայերի կոտորածն անվանել այլ կերպ, քան ցեղասպանություն, անկախ Թուրքիայի դեսպանի հայտարարություններից այն մասին, որ հայերի կոտորածի որակումը որպես ցեղասպանություն կարող է վնասել շահավետ առևտրին Կանադայի ու Թուրքիայի միջև:

«Այդ պատմական ոճրագործության ժխտումը դարձնում է արդիական խնդիր մարդու իրավունքների համար: Վերջերս ես այցելել եմ Երևան և եղել եմ այնտեղի Ցեղասպանության թանգարանում, և մենք ձգտելու ենք զարգացնել կապերը երկու թանգարանների միջև»,-ասել է Քլինթ Քերլը:

2004թ. Կանադայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: