10 ապրիլի 2013 - 12:25 AMT
Մ.Լայչակ. Հայ-սլովակիական ֆորումը կարևոր է տնտեսական համագործակցության խորացման համատեքստում

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ և արտգործնախարար Միրոսլավ Լայչակին:

Այսօր ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ հանդիպմանը քննարկել են երկկողմ համագործակցության լայն շրջանակ, ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակներում առկա գործընթացը, անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես՝ ԼՂ կարգավորման գործընթացին: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց երկկողմ հարաբերությունների մակարդակը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը նաև տեղեկացրեց, որ ամփոփվել է Երևանում բացված հայ-սլովակիական բիզնես ֆորումը:

Միրոսլավ Լայչակը կարևորեց Երևանում հայ-սլովակիական ֆորումի մեկնարկը՝ երկկողմ տնտեսական համագործակցության խորացման համատեքստում: Նա շնորհավորեց ԵՄ առաջ Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման հաջող գործընթացի կապակցությամբ: Նա հավաստիացրեց, որ Բրատիսլավան պատրաստակամ է աջակցել Երևանին այդ հարցում:

Ավելացնենք, որ սա Սլովակիայի փոխվարչապետ և արտգործնախարարի առաջին այցը չէ Հայաստան: Բանակցություններն այսօր կշարունակվեն: