14 նոյեմբերի 2005 - 15:43 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն դեռեւս պատասխան չի ստացել Քոչարյան-Ալիեւ հանդիպման վերաբերյալ առաջարկին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատասխան չեն ստացել կողմերից Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հունվարին հանդիպում կազմակերպելու իրենց նախաձեռնության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Պատասխանելով Հայաստանի նախագահի այն հայտարարության մասին հարցին, ըստ որի միջնորդները հունվարին մտադիր են պետությունների ղեկավարների հերթական հանդիպումը կազմակերպել, Յու.Մերզլյակովը ասել է.«Մենք նամակներ ենք հղել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին մեզ դեկտեմբերի կեսին ընդունելու խնդրանքով: Այնտեղ կան նաեւ այլ առաջարկներ: Դրանք միայն առաջարկներ են, սակայն թե ինչպիսի արձագանք կստանան, ես դեռեւս չեմ կարող ասել»: Ռուս համանախագահը հույս է հայտնել, որ կողմերը կպատասխանեն դեկտեմբերի 5-6 Լյուբլյանայում կայանալիք միջնորդների հանդիպմանը Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ: Նրա խոսքերով, համանախագահները, ըստ երեւույթին, առանձնազրույցներ կունենան նախարարների հետ: «Քանի որ երկու նախարարները չափազանց ծանրաբեռնված են, միջազգային համաժողովների ընթացքում դժվար է նույնիսկ 2-ժամանոց համատեղ հանդիպում ունենալ, իսկ 15 րոպեն մեզ համար բավարար չէ»,-ավելացրել է Յու.Մերզլյակովը: «Այդ պատճառով մենք առանձնազրույցներ կունենանք, կշարադրենք մեր առաջարկները, կլսենք յուրաքանչյուրին»,-ասել է նա եւ նշել, որ հնարավոր է նաեւ համանախագահների եւ նախարարների ոչ ֆորմալ ընդհանուր հանդիպում, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: