Ադրբեջանցի զինվորների արկածախնդրության պատճառով հակառակորդը 2 զոհ և 1 վիրավո՞ր ունի. ՀՀ ՊՆ-ն չի բացառում

Ադրբեջանցի զինվորների արկածախնդրության պատճառով հակառակորդը 2 զոհ և 1 վիրավո՞ր ունի. ՀՀ ՊՆ-ն չի բացառում

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանցիների երեկվա արկածախնդրության պատճառով որևէ զոհի վերաբերյալ հստակ տեղեկություն չի հաղորդվում: Ոչ սթափ վիճակում գտնվող ադրբեջանցի զինվորներին չմոտենալու պահանջն անկատար մնալուց հետո, հայ դիրքապահները ստիպված են եղել կրակ բացել, ըստ տարածված տեղեկությունների, սպանվել է 2 ադրբեջանցի զինվոր, ևս մեկը ծանր վիրավորվել է: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը չբացառեց, որ հակառակորդը կարող է զոհեր ունենալ, բայց նաև նշեց, որ ինքը պաշտոնական տեղեկության չի տիրապետում:

Երեկ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ մինչև մեկ ջոկ կազմով զինծառայողներ` ոչ ադեկվատ վիճակում, անկանոն տեսքով և պահվածքով մոտեցել են հայ դիրքապահներին: Նախնական զգուշացումից հետո նրանք չեն ենթարկվել և շարունակել են առաջանալ զինվորականներին ոչ բնորոշ ձևով: «Հայ դիրքապահները սադրանքը կանխելու նպատակով կրակ են բացել ինչի արդյունքում հակառակորդը կարող է ունենալ նաև կորուստներ: Եղածի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,- ընդգծել էր Արծրուն Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---