11 ապրիլի 2013 - 17:02 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վիեննայի ֆիլհարմոնիկը «Երևանյան հեռանկարները» կբացի ՀՀ օրհներգով

«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի 14-րդ համերգաշրջանն այսօր կբացի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որի դիրիժորը «Գրեմմի» 11-անգամյա մրցանակակիր Մայքլ Թիլսոն Թոմասն է: Համերգի մենակատարն է հայտնի դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեցի երաժիշտները, երևանյան համերգը կսկսեն Հայաստանի օրհներգով:

«Արամ Խաչատրյանի դահլիճը լավ ակուստիկա ունի, փորձը լավ է անցել։ Երևանյան համերգը կբացենք Հայաստանի օրհներգով»,– ասել է դիրիժորը։

Դիրիժորը նշել է նաև, որ համերգի հաջողության համար անհրաժեշտ է համապատասխան հանդիսատես, հավելելով, որ «այսօրվա համերգի հաջողությունը կապահովի հայկական լսարանի բարձր մակարդակը»: Նվագախմբի նախագահ Կլեմենս Գելսբերգը նշել է, որ նվագախումբը Հայաստանում առաջին անգամ է ու երաժիշտներն անհամբեր սպասում են համերգին։

Ըստ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի, այս համերգը «մշակութային շոկ» է լինելու Երևանի համար:

«Համաշխարհային երաժիշտների ելույթը երևանյան բեմերում օրինաչափ է դառնում։ Ուրախ եմ, որ փառատոնը կբացվի այդ նվագախմբի համերգով»,– նշել է Ռոստոմյանը:

Համերգային ծրագրում կհնչեն Յոհաննես Բրամսի թիվ 2 սի-բեմոլ-մաժոր դաշնամուրային կոնցերտը, Ֆրանց Շուբերտի Նախերգանք «Ռոզամունդ» դո-մաժորը և Յոհաննես Բրամսի թիվ 1 սոլ-մինոր դաշնամուրային կվարտետը:

ՖՈՏՈՇԱՐՔ