11 ապրիլի 2013 - 17:46 AMT
ՀԱԿ պատգամավոր. Մարտի 1-ին այլ զինված կառույցներ են գործել

Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկեց 2008թ. մարտի 1-ի ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագիծը:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ներկայացնելով նախագիծը, նկատեց, որ Մարտի 1-ը ցավոտ ու քաղաքական հարց է, այնպես պետք է անել, որպեսզի չվնասվի այս հարցի բովադակությունը: Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ թեև 83-ից ավելի մարդ է դատապարտվել, սակայն սպանության կամ հրազենի կիրառման վերաբերյալ որևէ մեղադրանք չի եղել և սրանից կարելի է հետևություն անել, որ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ոչինչ էլ բացահայտված չէ, հարյուրավոր հանցագործներ ազատության մեջ են:

«Մինչդեռ այդ հանցագործություններն ուղղակի հնարավոր չէր չբացահայտել՝առկա ակնհայտ փաստերի առկայության պարագայում: Դրա պատճառն այն է, որ ակտիվ, նախաձեռնողական քննություն չի իրականացվել»,- ասաց ՀԱԿ պատգամավորը: Նա նշեց, որ մարտի 1-ին գործել են զինված այլ կառույցներ, զոհերից երեքի մարմնում գտնված հրազենային պարկուճները չեն համապատասխանել այդ օրը իրավապահների գործածած հրազենի հետ:

Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց, որ համաձայնության են եկել, որ հանձնաժողովի կազմում կներգրավվեն ՀՀԿ երկու պատգամավոր, իսկ մյուսներից՝ մեկակական: Նա նաև հայտնեց, որ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանձնաժողովում ներգրավվելու գրավոր դիմում է ներկայացրել: «Ես սկզբունքորեն դեմ չեմ, սակայն այստեղ միայն մի հանգամանք կա, չպետք է խախտվի քաղաքական հավասարակշռությունը և նաև կարևոր է հանձնաժողովի մթնոլորտն ու ուժերի հավասարակշռությունը»,- պարզաբանեց նա:

Նախապես որոշվել էր հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ եզրակացությունը ներկայացնել այս տարվա նոյեմբերի 29-ին: Գագիկ Ջհանգիրյանը խնդրեց եզրակացության ներկայացման ժամկետը մեկ-երկու ամսով երկարաձգել: