11 ապրիլի 2013 - 17:55 AMT
Քննարկվել են 2014-2015 թթ. Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործունեության գերակա ուղղությունները

Ապրիլի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամի տարեկան ժողովը, որին մասնակցում էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, հիմնադրամի հետ համագործակցող թեմական-եկեղեցական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը:

Ժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկան Գեղարքունյաց թեմի առաջնորդ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը: Ժողովականներին ողջունեցին նաև Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

ՀԿՍ տարեկան ժողովին ըստ ավանդության ներկայացվում է բանախոսություն որևէ ոլորտի վերաբերյալ: Այս ժողովին հրավիրված էր բանախոսելու ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով խոսեց «ՀՀ արտաքին քաղաքականության արդի մարտահրավերները» թեմայի շուրջ: ՀՀ ԱԳ փոխնախարարը պատասխանեց նաև ժողովականների հարցերին:

Այնուհետև ներկայացվեցին Կլոր սեղանի 2012-2013 թթ. ծրագրային և ֆինանսական հաշվետվությունները, որից հետո առանձին խմբերով տեղի ունեցան քննարկումներ` 2014-2015 թթ. հիմնադրամի գործունեության գերակա ուղղությունների ու անելիքների վերաբերյալ:

Տարեկան ժողովն ամփոփեցին ՀԿՍ գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: