Լենա Բասլան.Վալանսը ճանաչում է ԼՂՀ անկախությունը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը գտնվում է Ֆրանսիայում աշխատանքային այցով: Նոյեմբերի 12-14 նա այցելել է Փարիզ, Նից, Բուրգ-լե- Վալանս եւ Վալանս քաղաքները: Նոյեմբերի 12-ին Նից քաղաքում ԼՂՀ նախագահը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Հայ-ֆրանսիական բարեկամության խմբի փոխնախագահ Մյուրիել Մարլան-Միլիտելոի հետ: Զրուցակցի խնդրանքով Ա.Ղուկասյանը ներկայացրել է ԼՂՀ տեսակետը Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նաեւ պատմել է ԼՂՀ-ում իրականացվող բարեփոխումների մասին: Մյուրիել Մարլան-Միլիտելոն համոզվածություն է հայտնել, որ դրական գործընթացները ԼՂՀ-ում գտնվում են եվրոպական կառույցների ուշադրության կենտրոնում, եւ որ նրանք անպայման պետք է ազդեցություն ունենան խնդրի վերջնական լուծման վրա:



Բացի այդ, ԼՂՀ նախագահը հանդիպում է ունեցել Պրովանս Ալպ Կոտ դ'Ագյուղ տարածաշրջանային խորհրդի փոխնախագահ Պատրիկ Ալեմանի հետ: Զրույցի ընթացքում Արկադի Ղուկասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող սոցիալ-տնտեսական գործընթացները` նշելով արտերկրի քաղաքացիների եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչների աջակցությունը: Տվյալ համատեքստում ԼՂՀ նախագահը երախտագիտություն է հայտնել Ալեմանին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի դպրոցի շինարարությանը աջակցելու համար: Ալեմանը իր հերթին նշել է, որ Պրովանս Ալպ Կոտ դ'Ագյուղը մտադիր է շարունակել աջակցությունը րցախին երկրում ենթակառուցվածքների զարգացման գործում:



Նույն օրվա երեկոյան Նից քաղաքի Բարսամյան մշակույթի կենտրոնում Ա.Ղուկասյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր «Հայաստան» Համահայկական համագումարի հովանավորությամբ նոյեմբերի 17-20 Ֆրանսիայում կայանալիք ֆոնոթոնի շրջանակներում: Իր ելույթում Ա.Ղուկասյանը կոչ է արել ներկաներին ակտիվ մասնակցություն ունենալ այս ակցիային` նշելով, որ նվիրաբերված միջոցները կուղորդվեն ԼՂՀ Մարտակերտի շրջանի զարգացմանը: ԼՂՀ նախագահն ընդգծել է մարաթոնի տնտեսական, սոցիալական, հոգեբանական, կրթական եւ մշակութային նշանակությունը Ղարաբաղի ժողովրդի համար:



Նոյեմբերի 13-ին ԼՂՀ նախագահը այցելել է Բուրգ լե Վալանս, որտեղ մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: Միջոցառման ժամանակ քաղաքի քաղաքապետ-սենատոր, սենատի Հայ-ֆրանսիական բարեկամության խմբի նախագահ Բերնար Պիրասը Արկադի Ղուկասյանին է փոխանցել քաղաքի շքանշանը: Այնուհետեւ ԼՂՀ նախագահը առանձնազրույց է ունեցել Բերնար Պիրասի հետ, որի ժամանակ քաղաքապետը հետաքրքրվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներով: Պատասխանելով նրա հարցերին Ա.Ղուկասյանը նշել է այն արդյունավետ միջոցները, որոնք այս ուղղությամբ ձեռնարկում է ֆրանսիական դիվանագիտությունը: Ընդ որում նա ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չի կարող լինել` հույս հայտնելով, որ ռազմական գործողություններ վերսկսելու ցանկացած փորձ կդատապարտվի միջազգային հանրության կողմից:



Նույն օրը ԼՂՀ նախագահը հանդիպել է Վալանս քաղաքի քաղաքապետ Լենա Բասլանի հետ: Քաղաքապետարանի Պատվո դահլիճում կայացած ընդունելության ժամանակ Լենա Բասլանը հայտարարել է, որ Վալանս քաղաքը «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը»` հույս հայտնելով, որ այդ խորհրդանշական ժեստը սկիզբ կդնի ԼՂՀ միջազգային ճանաչմանը: Այնուհետեւ քաղաքապետը Ա.Ղուկասյանին է հանձնել Վալանս քաղաքի շքանշանը: Երեկոյան Ա.Ղուկասյանը այցելել է Վալանսի Հայկական մշակութային ժառանգության կենտրոն, որտեղ ծանոթացել է այդ հաստատության գործունեությանը, որի առաքելությունը հայ ժողովրդի պատմությունը, եւ մասնավորապես աշխարհի տարբեր երկրներում Սփյուռքի առաջացման պատմությունը ներկայացնելն է, ինչպես նաեւ հայերի ինտեգրումը Ֆրանսիայում:

Այցելությունների ավարտին Ա.Ղուկասյանը հանդիպել է տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ԼՂՀ նախագահը պատմել է իր այցի նպատակների եւ հանդիպումների մասին: Ուշ երեկոյան Ա.Ղուկասյանը մասնակցել է Ֆրանսիայում կայանալիք ֆոնոթոնին նվիրված միջոցառմանը: Ա.Ղուկասյանը երախտագիտություն է հայտնել սփյուռքի ներկայացուցիչներին Արցախի վերածննդին աջակցելու համար` ընդգծելով Մարտակերտի շրջանի 2005-2006թթ. զարգացման ծրագրի կարեւորությունը հանրապետության ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման գործում:



Հիշեցնենք, որ այս օրերին ԼՂՀ նախագահը մասնակցում է նոյեմբերի 17-20 Ֆրանսիայում կայանալիք հեռախոսային մարաթոնի նախապատրաստմանը, որն անցնելու է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հովանավորությամբ: Բարեգործական ակցիայի ընթացքում հավաքված միջոցները կուղորդվեն ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ժամանակ առավելապես տուժած Մարտակերտի շրջանի վերականգնմանն ու զարգացմանը: ԱՄՆ-ում կայանալիք հեռուստամարաթոնի նախապատրաստմանը մասնակցելու նպատակով ԱՄՆ է մեկնել ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---