12 ապրիլի 2013 - 12:03 AMT
Զարուհի Փոստանջյան. Բոլոր այն անձինք, ովքեր քննադատում են, թող ասեն՝ որն էր սխալը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ ժամը 4–ին, կվերադառնա Մոսկվայից և Ազատության հրապարակում հանդես կգա ծրագրային ելույթով: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

Ըստ նրա` ապրիլի 9-ին ժողովուրդը ցույց տվեց, որ չի ճանաչում սուտն ու կեղծիքը: «Մենք հասանք այնտեղ, որ հռչակեցինք Նոր Հայաստանի քաղաքացի լինելու փաստը: Բոլոր այն անձինք, որոնք քննադատում են, թող ասեն՝ որն էր սխալը»,- ասաց Զարուհի Փոստաբջյանը:

Նա հայտարարեց, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կնքեց իր մահկանացուն, իսկ երեկ էլ հուղարիավորությունն էր: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իշխանությունները հուղարկավորության համար փող չտվեցին: «Իշխանությունն ո՞վ է, Սերժ Սարգսյա՞նը, մենք չենք ճանաչում նրա իշխանությունը, նրանց հետ բանակցելու խնդիր չունենք»,- ասաց նա:

Անդրադառնալով ապրիլի 9-ի երեկոյան Ծիծեռնակաբերդում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և Րաֆֆի Հովհաննիսյան աղոթքին, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Մենք Գասպարյանի հետ չենք մասնակցել կեղծ երդմնակալությանը, նա էր եկել միացել ժողովրդին ու աղոթել է: Բարեկամության խնդիր չկա, մենք խնդիր ունեինք բոլորին զինաթափել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր ընտանիքի անդամների հետ լինելով առաջին գծում՝ պահեց այն»: Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ զոհեր, կալանավորվածներ չկան, կան քաղաքացիներ, որոնք պայքարելու են: