12 ապրիլի 2013 - 13:15 AMT
Կրամնիկ. Շախմատային առումով չեմ կարող Կարլսենին համարել ինձնից կամ Արոնյանից ուժեղ

Ռուս շախմատիստ Վլադիմիր Կրամնիկը Լոնդոնի հավակնորդների մրցաշարի հերոսներից մեկը դարձավ: Մրցաշարում հաղթեց նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը առաջ անցավ Կրամնիկից միայն լրացուցիչ արդյունքներով:

Կրամնիկը գտնում է, որ ինքն ու Լևոն Արոնյանը կարող են հավասարը հավասարի պես խաղալ Կարլսենի հետ «Մագնուսը ականավոր շախմատիստ է ու հիանալի խաղացող, սակայն հանրության գիտակցության մեջ ձևավորված այն կարծիքը, թե նա շախմատային աշխարհի գեգեմոնն է, մի փոքր չափազանցված է:

Ես կարծում եմ, որ և ես, և Լևոն Արոնյանը կարող ենք հավասարը հավասարի պես խաղալ նրա հետ: Այլ գործ, որ նա ունի կարևորագույն հատկանիշներ՝ երիտասարդ է, հսկայական էներգետիկա ունի, լավ նյարդային համակարգ, հստակ մոտիվացիա, հաղթանակի նպատակաուղղվածություն»,-Կրամնիկի խոսքն է մեջբերում «Նեզավիսիմայա գազետան»:

Ըստ Կրամնիկի, զուտ շախմատային առումով նա չի տեսնում որևէ բան, որը թույլ կտար Կարլսենին համարել իրենից կամ Արոնյանից ուժեղ: «Նա փայլուն պրակտիկ է, ընդ որում, շատ ուժեղ շախմատիստ ու մեծ տաղանդ: Զուտ շախմատային առումով ես վստահ եմ, որ նրա դեմ կարելի է պայքարել: Եվ ես միշտ դա արել եմ: Նրա հետ հանդիպումներում ես դրական բալանս ունեմ, և այստեղ Լոդոնում էլ երկու պարտիաներն անցնում էին իմ առավելությամբ: Նա պետք է գոհ լինի, որ երկու ոչ ոքիի հասավ այդ պարտիաներում»: