12 ապրիլի 2013 - 13:15 AMT
Շուշիում կառուցվում է երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը երեխաների խնամքի հաստատություն է կառուցում ԼՂՀ Շուշի քաղաքում:

Շենքը կառուցվում է Հիմնադրամի Պատվո անդամ և մեծ բարեկամ, բարերար Հրայր Հովնանյանի հովանավորությամբ, ով Հիմնադրամի գործունեության 20 տարիների ընթացքում անգնահատելի ներդրում է ունեցել կազմակերպության ձեռնարկներում: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԼՂՀ կառավարության կողմից, հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Հաստատությունում կբնակվեն Ստեփանակերտի մանկատանը ներկայումս օթևանող 1-ից 15 տարեկան շուրջ 80 երեխաները: Այս նախաձեռնությամբ Հիմնադրամը նպատակ ունի բարելավել արցախցի անպաշտպան մանուկների բնակության պայմանները: Շուշիի առողջարանային բնակլիմայական պայմանները ևս նպաստավոր կլինեն մանուկների համար:

Եռահարկ նորակառույցում նախատեսվում են երեխաների բնակության և ժամանցի համար բոլոր անհրաժեշտ պայմանները` ննջարաններ, խաղասենյակներ, ճաշարան, հանդիսության սրահ: Ջեռուցումն ու օդափոխությունը հարմարավետ պայմաններ կապահովեն մանուկների համար տարվա բոլոր եղանակներին : Սպորտ հրապարակն ու փակ մարզասրահը ամբողջական ու հետաքրքիր կդարձնեն երեխաների առօրյան: Իսկ համակարգչային կաբինետն ու գրադարանը, զուգակցվելով զարգացման ծրագրերի հետ, կխթանեն սաների մտավոր ու ստեղծագործական կարողությունները և կօգնեն նրանց գտնել իրենց ճանապարհը կյանքում:

Ներկայումս ընթացքում է երկրորդ հարկի շինարարությունը: Հաջորդ տարվա գարնանը նորակառույցն իր հարկի տակ կընդունի մանկատան խնամքին հանձնված երեխաներին: