12 ապրիլի 2013 - 13:18 AMT
Ա.Ռուստամյանը չի կարծում, թե Ր.Հովհաննիսյանի առաջնորդությամբ շարժումը ձախողվել է

Ապրիլի 9-ի իրադարձությունները սթափության կոչ էին՝ ուղղված իշխանություններին, որ օր առաջ նախաձեռնեն արմատական բարեփոխումներ։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա նկատեց, որ ապրիլի 9-ին մեկ երդմնակալություն է եղել՝ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը, որին իրենք չեն մասնակցել։ Պատգամավորը նշեց, որ Ազատության հրապարակում ավելի շատ քաղաքացիներ էին երդվում։

«Զարգացումները, դժբախտաբար, գնացին այն սցենարով, որը կանխատեսում էինք։ Մենք միշտ սխալ ճանապարհով ենք գնացել, պատմությունից դասեր չենք քաղել»,- ասաց Արմեն Ռոստամյանը: Պատգամավորի խոսքով՝ արագ քայլերը մաշում են շարժումը, մինչդեռ ՀՅԴ կարծիքով պետք է հանգրվանային լուծումներ առաջ քաշել։ Իսկ հանգրվանային հաջողության համար երկու քայլ են տեսնում. «Մղել իշխանություններին գնալ արմատական բարեփոխումների. այդպիսի առաջարկ ԱԺ-ում սկսվել էր՝ երեք կետեր առաջ քաշելով։ Եվ Երևանի քաղաքային ընտրություններն են, որ հնարավորություն ընձեռվի հաստատել ընդդիմության իշխանությունը Երևանում»:

Արմեն Ռուստամյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ շարժումը ձախողվել է. «Ընթացք կա, պետք է տևական պայքարի դաշտ տանել, կազմակերպվել վերևից ներքև, և որ սադրիչները դեր չունենան, ունենալ համապատասխան կառույցներ, որպեսզի այդ ղեկավարումը առաջնորդը ձեռքից չկորցնի»: