12 ապրիլի 2013 - 13:47 AMT
ԲՀԿ պատգամավոր. Քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն կփոխվի, եթե ինչ-որ արտառոց երևույթներ լինեն

Ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն լրջագույնս է վերաբերում, հավաստիացնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը, ով գլխավորում է ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարեց, որ իրենք ավագանու ընտրություններին գնում են մեծամասնություն կազմելու: Հարցին, թե եթե մեծամասնություն կազմեն, քաղաքապետ կդառնա՞ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը պատասխանեց, որ իրենց քաղաքապետի թեկնածուն հենց Վարդան Օսկանյանն է. «Թեկնածուն հնարավոր է փոխվի, եթե ինչ-որ արտառոց երևույթներ տեղի ունենան»:

Վարդան Օսկանյանն էլ իր հերթին հերքեց մամուլում տարածված տեղեկությունները, թե Աջափնյակում ԲՀԿ-ն խոզի էժան միս է վաճառում անձնագրային տվյալների դիմաց: «Բացառում եմ նման բան: Եթե դրանում անգամ մի փոքր ճշմարտություն կա, ապա հավատացեք, ես դրա դեմ առաջին պայքարողն եմ», - ասաց Վարդան Օսկանյանը: