16 նոյեմբերի 2005 - 13:50 AMT
Ռ.Քոչարյանը երախտագիտություն է հայտնել Նիդերլանդներին ՀՀ բարեփոխումներին աջակցելու համար
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Օննո Ֆրեդերիկ Գուդենոլ Էլդերենբոշը (նստավայրը` Թբիլիսի), հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հաջողություն մաղթելով դեսպանին իր բարձր առաքելության մեջ, ՀՀ նախագահը վերահաստատել է Նիդերլանդների հետ փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի վճռականությունը: Ռ.Քոչարյանն իր երախտագիտությունն է հայտնել Նիդերլանդների կառավարությանը` բարեփոխումների գործընթացին ցուցաբերած օժանդակության համար, որի շրջանակում իրականացվում են տեխնիկական աջակցության եւ մի շարք այլ ծրագրեր: «Այն հաջողությունները, որ մենք ունենք անցումային շրջանի դժվարությունների հաղթահարման գործում, մեծ է նաեւ Նիդերլանդների ներդրումը»,-ընդգծել է երկրի ղեկավարը: Նա նաեւ նշել է, որ Եվրամիության նոր հարեւանության քաղաքականության շրջանակում Հայաստանի գործողությունների ծրագրի հաստատումը փոխգործակցության նոր հնարավորություններ կբացի: