«Lionsharp solutions» թիմը հաղթել է «երևակայության գավաթ 2013» հայաստանյան մրցույթի եզրափակչում

«Lionsharp solutions» թիմը հաղթել է «երևակայության գավաթ 2013» հայաստանյան մրցույթի եզրափակչում

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին տեղի ունեցավ «Երևակայության գավաթ Հայաստան 2013» («Imagine Cup Armenia 2013») մրցույթի եզրափակիչ փուլը, որը կազմակերպել էին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերությունը և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը: Հայաստանյան ընտրության Եզրափակիչ փուլին մասնակցող 7 թիմերը կարճ (15 րոպե) շնորհանդեսների տեսքով ներկայացրեցին իրենց գաղափարները, որի արդյունքում ժյուրին ընտրեց մեկ հաղթող թիմ՝ «Lionsharp Solutions» թիմը Voice board ծրագրի համար:Ծրագիրն իրենից ներկայացնում է Kinect տեխնոլոգիայի հենքով մշակված լուծում, որը թույլ է տալիս վարել քննարկումները, ներկայացումները, «մտքային գրոհները»՝ գրանցելով մտքերը և կանոնակարգելով ընթացքը միայն ժեստերի և ձայնային հրահանգների օգնությամբ: «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի աջակցությամբ «Lionsharp Solutions» թիմը կներկայացնի Հայաստանը 2013թ հուլիսին կայանալիք համաշխարհային եզրափակչին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում:

Հիշեցնենք, որ մրցույթը մեկնարկել էր մարտի 20-ին, և 16 տարին լրացած մասնակիցների երեք-չորս հոգուց բաղկացած ուսանողական թիմերի առջև խնդիր էր դրվել մշակել նորարարական նախագծեր և համակարգչային ծրագրեր, ինչպես նաև իրական խնդիրների իրական լուծումներ: Մինչև ապրիլի 8-ը ներկայացվել էին յոթ հայտեր, որոնք հիմնականում վերաբերում էին նորարարության անվանակարգին:

«Երևակայության գավաթ» հայաստանյան մրցույթի նպատակն է ուսանողներին օգնել հանդես գալ ծրագրավորման/ՏՏ լուծումներով և/կամ ծրագրերի նոր մշակումներով՝ խթանելու նորարարությունն ու լուծելու գլոբալ խնդիրներ: Մրցույթը համախմբում է Հայաստանի տաղանդավոր երիտասարդներին և ուսանողական թիմերին և նրանց մեծ հնարավորություն է ընձեռում դրսևորելու և զարգացնելու իրենց գիտելիքները իրական խնդիրներին լուծումներ գտնելու, տեխնոլոգիաների և ծրագրերի օգտագործման սեփական մոտեցումները մշակելու և առաջ քաշելու գործում, ինչպես նաև ճանապարհ է բացում ուժերը չափելու արտասահմանյան մրցակիցների հետ և Հայաստանը ներկայացնելու «Imagine Cup» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին: Այս տարի մրցույթի հայաստանյան փուլին «Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցության նպատակն է հաղթող թիմին հնարավորություն տալ մասնակցել «Imagine Cup» միջազգային մրցույթի եզրափակչին և դրանով իսկ քաջալերել սկսնակ ընկերություններին, խթանել բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումը բիզնեսի տարբեր ոլորտներում և նպաստել Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը ՏՏ ոլորտում:

Մրցանակների հանձնման արարողությանը մասնակցում էին Հայաստանի կառավարության, միջազգային համայնքի և ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, ՄԻԿ-ի տնօրեն Եվա Հյուսյանը, «Ի-Դի-Էմ-Սի»-ի Արժեքի շղթայի մրցունակության թիմի ղեկավար Ֆրեդ Լևիտանը և այլ բարձրաստիճան հյուրեր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---