16 նոյեմբերի 2005 - 15:28 AMT
Մ.Ահմադինեջադը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Հայաստանին փոխանցել տնտեսական ոլորտում կուտակած իր փորձը
Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ-իրանական կապերի համակարգման միջկառավարական հանձնաժողովի նախագահ Արտաշես Թումանյանը նախօրեին հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ: Հանդիպման ընթացքում Մահմուդ Ահմադինեջադը նշել է վաղեմի եւ սերտ հայ-իրանական կապերի առկայությունը եւ հայտարարել է.«Անհրաժեշտ է ձգտել խաղաղության, բարեկամության եւ փոխադարձ աջակցության ամրապնդմանը Կասպից ավազանի երկրների միջեւ»: Իրանի նախագահը հայտարարել է նաեւ տնտեսական ոլորտում կուտակած փորձը Հայաստանի հետ կիսելու եւ նավթագազային եւ էներգետիկ ոլորտներում հայկական նախագծերի իրագործմանը մասնակցելու Իրանի պատրաստակամության մասին: Մ.Ահմադինեջադը բարձր է գնահատել առեւտրատնտեսական համագործակցության հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության արդյունքները եւ արտահայտվել է Թեհրանի եւ Երեւանի միջեւ բազմաբնույթ համագործակցության հետագա ընդլայնման օգտին: «Իրանի կառավարության քաղաքականությունն ուղղված է Հայաստանի հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացման վճռական աջակցությանը, հատկապես ուղղված երկու երկրների համակողմանի զարգացմանը»,-հայտարարել է Մ.Ահմադինեջադը: Իր հերթին Արտաշես Թումանյանը երախտագիտություն է հայտնել Իրանի ղեկավարությանը Հայաստանի բազմակողմանիորեն աջակցելու համար եւ արտահայտվել է հայ-իրանական հարաբերությունների հետագա ամրապնդման եւ ընդլայնման օգտին քաղաքականության եւ տնտեսության ոլորտներում, հաղորդում է «Իռնա» գործակալությունը: