16 նոյեմբերի 2005 - 17:00 AMT
Հայաստանը եւ Եգիպտոսը համաձայնագիր կստորագրեն վերահսկողական ծառայությունների համագործակցության վերաբերյալ
Նոյեմբերի 8-11-ը Եգիպտոսի Վարչական Վերահսկողության կազմակերպության նախագահ Մոհամմադ Էլ Թոհամիի հրավերով Եգիպտոսում էր գտնվում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Վ.Բարսեղյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Մ. Էլ Թոհամիի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների վերահսկողական ծառայություների միջեւ համագործակցության սերտացմանը, Կահիրեում եւ Երեւանում մասնագետների վերապատրաստմանը, տեղեկատվության եւ փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը մանրամասն ծանոթացավ Եգիպտոսի Վարչական Վերահսկողության կազմակերպության կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների հետ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց այս ոլորտում համագործակցության համապատասխան համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ: Հաշվի առնելով հայ-եգիպտական երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերը պայմանավորվեցին ոչ միայն հաճախակի դարձնել փոխայցելություններն ու շփումները, այլեւ արդեն իսկ առկա ներուժով օժանդակել գործադիր իշխանություններին` էլ ավելի խորացնելու ու զարգացնելու հայ-եգիպտական կապերը: