ՊԵԿ-ԱՄՀ համագործակցության նոր փուլ է մեկնարկել

ՊԵԿ-ԱՄՀ համագործակցության նոր փուլ է մեկնարկել

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ՀՀ Պետեկամուտների կոմիտեն այսօր ներկայացրել է «Օպտիմալ մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության իրականացման հարցում արդիական մոտեցումներ» թեմայով շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպվել է ժամանակակից և արդյունավետ հարկային վարչարարություն իրականացնելու ուղղությամբ ՊԵԿ-ի կատարած շարունակական քայլերին օժանդակելու` նոր համագործակցության շրջանակում: Այն ներառում է ԱՄՀ օժանդակությունը կոմիտեի նախաձեռնած հեռանկարային վերապատրաստման ծրագրերին, ինչպես նաև տեխնիկական աջակցության վերականգնումը բարեփոխումների գործընթացին: ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մեր հանրապետության օրինակով անդրադարձել են փոքր բաց տնտեսությունների զարգացման հիմնական միտումներին` ընդգծելով հարկաբյուջետային քաղաքականության առանցքային դերը նման երկրների տնտեսական կայունացման հարցում:

ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան ասել է. «Այսօր մենք համագործակցության նոր փուլ ենք սկսում ՊԵԿ-ի հետ, որն ուղղված է աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների զարգացմանը: Մասնագետների վերապատրաստման ուղղությամբ կոմիտեն արդեն իսկ զգալի ջանքեր է գործադրել, բայց մենք ուզում ենք մեր հերթին նոր թափ հաղորդել և օժանդակել այդ գործընթացին: Մենք նաև վերականգնում ենք ՊԵԿ-ին ցուցաբերվող տեխնիկական, խորհրդատվական աջակցությունը. Վաշինգտոնից փորձագետների նոր թիմն արդեն Երևանում է և շարունակելու ենք օժանդակել ՊԵԿ-ին հետագայում իր աշխատանքները կատարելագործելու հարցում: Համագործակցությամբ նպատակադրվել ենք օգնել ՊԵԿ-ին` հարկահավաքման ժամանակակից և արդյունավետ գործող կառույց դառնալու հարցում»:

Միջոցառման ընթացքում քննարկվել են հարկային եկամուտների ապահովման սկզբունքները, կարևորվել է հետխորհրդային երկրների համար ծրագրավորված եկամտային թիրախների գործող համակարգից ավելի ճկուն հարկային քաղաքականության արագ անցման հարցը, որի պարագայում հարկային արդյունքները պայմանավորված կլինեն ընդհանուր տնտեսական իրավիճակով, ինչպես նաև կապահովեն հարկային ոլորտը կարգավորող օրենքների և իրավական ակտերի կայուն և կանխատեսելի կիրառումն ու հարկային վերահսկողությունը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---