17 նոյեմբերի 2005 - 13:48 AMT
Բաքվում քննադատության են ենթարկել Սերգեյ Ստեպաշինի Երեւանում արած հայտարարությունը
«Սերգեյ Ստեպաշինը լիազորված չէր ինչ-որ հայտարարություններ անելու սահմանակից պետությունների վերաբերյալ եւ Երեւանում նրա արած հայտարարությունները «սադրանք են»: Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով նախկին պետքարտուղար, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն այդպես է մեկնաբանել ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի հայտարարությունն այն մասն, որ Ռուսաստանին պետք է տրամադրվի «լիարժեք եւ սպառիչ տեղեկատվություն Ադրբեջանի տարածքում ամերիկյան ռադիոլոկացիոն կայանների տեղակայման հնարավորության մասին: «Նման հայտարարություններն ուղղված են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների վատթարացմանը: Ադրբեջանը անկախ պետություն է, ոչ թե Ռուսաստանի գաղութը եւ լիիրավ է զարգացնելու համագործակցությունը ԱՄՆ հետ»,-ասել է Ադրբեջանի նախագահի նախկին պետքարտուղարը: Իր հերթին, Քաղաքական ինովացիաների եւ տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն հայտարարել է, թե Ադրբեջանը չպետք է որեւէ պետությանը տեղեկացնի իր տարածքում ռազմական օբյեկտներ տեղակայելու մասին: «Մոսկվայի հետ համաձայնագիր կնքելով Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալման մասին, պաշտոնական Բաքուն չէր համաձայնեցրել իր գործողությունները Վաշինգտոնի հետ: Նույնը վերաբերվում է նաեւ Ռուսաստանին ամերիկյան ՌԼԿ-ի տեղակայման հարցում»,-ասել է Մ.Ահմեդօղլուն` նկատելով, որ վերը նշված ռադիոլոկացիոն կայանները նպատակ ունեն ամրացնելու հանրապետության սահմանների անվտանգությունը ինչպես հարավային ուղղությամբ, այնպես էլ Կասպից ծովի տարածքում:

Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն ՌԴ Հաշվիչ պալատի նախագահի հայտարարությունն անվանել է «անհեռանկար քայլ` ուղղված պաշտոնական Երեւանի ժամանակավոր հանդարտեցմանը»: Նրա խոսքերով, Ադրբեջանի տարածքում որեւէ օբյեկտների տեղակայման մասին Ռուսաստանին տեղեկացնելու կարիք չկա: «Մոսկվան նման բնույթի բավարար տեղեկատվություն ունի: Ավելին Ադրբեջանի հյուսիսում գործում է տարածաշրջանում ամենահզոր Գաբալայի ՌԼԿ-ն, եւ թույլ ամերիկյան կայանները ուղղակի չեն կարող համեմատվել նրա հետ»,-ասել է քաղաքագետը: