17 նոյեմբերի 2005 - 14:41 AMT
«The Wall Street Journal» թերթում հրապարակված հոդվածը Հայոց ցեղասպանության մասին հարուցել է ընթերցողների վրդովմունքը
Ամերիկյան «The Wall Street Journal» թերթը նոյեմբերի 12-ին հրապարակել է ՀՅ Դաշնակցության Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի նամակը, ինչպես նաեւ մի քանի այլ նամակներ` ի պատասխան հոկտեմբերի 27-ին Քարա Սքաննելի հրապարակած «Առաջին համաշխարհայինի պատմության շուրջ թուրք-հայկական պայքարը հասավ Միացյալ Նահանգների դատարան» հոդվածի: Նամակներում ներկայացված են թուրքական կազմակերպությունների ջանքերը` ուղղված Մասաչուսեթսի նահանգի կրթական ծրագրերում Հայոց ցեղասպանության ուրացումն ընդգրկելու համար Միացյալ Նահանգների դատական համակարգի օգտագործմանը: Դատական հայցում, որ ներկայացրել են երկու ուսուցիչներ, մի ուսանող եւ մի ծնող, պահանջվում է Մասաչուսեթս նահանգում ցեղասպանության դասավանդման ուղեցույցում ընդգրկել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանության կայքէջը եւ այլ ոչ ակադեմիական աղբյուրներ, որոնցում ժխտվում է Հայոց ցեղասպանության իրողությունը: Հայցվորները պնդում են, թե կրթական ծրագրում այդ աղբյուրների բացակայությունը խախտում է ազատ խոսքի իրենց իրավունքը:

«The Wall Street Journal»-ին ուղղված նամակում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը գրել է. «Այս դատավարությունն առնչվում է ոչ թե ազատ խոսքին, այլ ցեղասպանությունը պարտակելու` թուրքական պետության կողմից հովանավորվող զանգվածային արշավին: Չբավարարվելով երկրի ներսում բռնաճնշումներով` Թուրքիայի արբանյակներն աշխատում են կանխել Հայոց ցեղասպանության դասավանդումը այստեղ` ԱՄՆ-ում»: Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ֆաթմա Մյուգե Գյոչեքը մասնավորապես գրել է, որ այդ դատավարությունը ծայրաստիճան վիրավորական է համարում: Նշենք, որ Սքաննելի հոդվածը հարուցել է «The Wall Street Journal»-ի բազմաթիվ այլ ընթերցողների վրդովմունքը եւս` ինչպես հայ, այնպես էլ այլազգի, քանի որ ցեղասպանության փաստը դրանում ներկայացված է որպես հայերի եւ թուրքերի միջեւ շարունակվող բանավեճի առարկա` առանց հաշվի առնելու այդ հարցով բազմաթիվ գիտական հետազոտությունները: