13 ապրիլի 2013 - 12:22 AMT
«Անուշ» օպերայի նոր բեմականացման տոմսերն արժեն 2.000-10.000 դրամ

Այս գարնան գլխավոր պրեմիերաներից «Անուշ» օպերայի տոմսերն արդեն վաճառքում են: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեցին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տոմսարկղից, որի բեմին էլ ապրիլի 26-ին և 27-ին տեղի կունենա «Անուշ»-ի երևանյան պրեմիերան:

«Տոմսերն արժեն 2.000-ից 10.000 դրամ: 2.000 դրամ արժեցող տոմսերը դեռ չեն սպառվել», - ասաց տոմսարկցի աշխատակիցը:

«Անուշ»-ը հայ-ֆրանսիական համատեղ նախագիծ է`միաժամանակ ֆինանասավորման և ստեղծագործական աշխատանքի առումով: Նախագծին մասնակցում են ՀՀ և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունները, նույն երկրների 2 լավագույն թատրոնները: Թումանյանի պոեմի ու Տիգրանյանի օպերայի նոր բեմականացման բեմադրիչը Սերժ Ավեդիքյանն է: